Եղանակներն անցնում են խառնակ՝
մի այլ աշխարհի խորթ օրենքներով,
այլ ժամանակի խրթին կարգով են
իրար ներհյուսվում մեղք ու տառապանք.-
իմ սրտի մեջ են հիմա կանաչում
թթենիները կորած այն երկրի,
իմ հոգու մարմար աշտարակին է
ղողանջում անքուն զանգն Ամարասի:-
Որքան հեռացանք հնչուն տեղերից,
այնքան համրացավ մեր լեզուն կայտառ,-
Քույր, մենք իրար էլ չենք շշնջում
մոգական խոսքեր ծիածանաբառ,
միմյանց ինքնասույզ լքում ենք հիմա՝
հանց մոլորակներ ուղեծրախախտ,
այս բախտով մեկտեղ հեռանում ենք արդ
մայր արեւի պես մայր մտնող երկրից:-
Քեզ նոր երազներ էլ չեմ ընծայի,
չեմ փնտրի հոգիդ՝ մեղմ ու դողդոջուն,
նա, որ անվրեպ ինձ ետ էր բերում
անկումներից ու մենահանդեսից.-
ասես խլության տարեգիր եմ լալ,
խմբավար՝ ծեծված դղիրդներով սին,
բայց լիահնչուն լսում եմ դարձյալ
քնած զանգերը սեգ Ամարասի:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ